Նորություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր:

Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը արդյունավետ համագործակցություն է ծավալում Գեղարքունիքի մարզի հետ:
Իրականացվող բազմաբնույթ նախաձեռնություններից հերթականը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հ.2 միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտներին տոնական նվերների հանձնումն էր:
Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հ.2 միջնակարգ դպրոցում` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից փոխանցելով աշակերտներին քաղցրավենիքի փաթեթներ:

__________________________________________

Այսօր Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի բնագիտության լաբորատորիան հյուրընկալել էր Երանոսի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին, կենսաբանության ուսուցիչ Նարեկ Ղազարյանին՝ դպրոցի տնօրեն պարոն Գառնիկ Ղազարյանի ղեկավարությամբ:

Այցելության նպատակը ֆիզիկա և կենսաբանություն առարկաների գործնական աշխատանքների կազմակերպումն էր ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում։

Գործնական պարապմունքին ներկա էին նաև ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, լաբորատորիայի վարիչ Թեհմինե Խաչիկյանը, ԳՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Շեկյանը, ով աշակերտների համար կատարեց ֆիզիկա առարկայի վերաբերյալ լաբորատոր փորձեր։

Աշակերտները՝ կենսաբանության ուսուցիչ Նարեկ Ղազարյանի օգնությամբ, պատրաստեցին փորձանմուշներ և դրանք ենթարկեցին մանրադիտակային ուսումնասիրության, ինչպես նաև կատարեցին կենսաբանությանը և ֆիզիկային վերաբերող այլ փորձեր։

Գործնական դասն ուղեկցվեց ուսանելի հարց ու պատասխանով, որից հետո տեղի ունեցավ հանդիպում ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, ով աշակերտներին կոչ արեց լինել ուսումնատենչ, նպատակասլաց, աշխատասեր ու ընթերցասեր, դառնալ մեր երկրին ու ժողովրդին պիտանի մարդ։

Դպրոցի տնօրեն  Գառնիկ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց մայր բուհին՝ իրենց աշակերտներին նման հնարավորություն ընձեռելու համար։

Համալսարանական հագեցած և հետաքրքիր օրվա ավարտին աշակերտները եղան ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։
 12.5.2016